Վերջերս կայացած քրեական հեղինակությունների «հավաքում» «Դեդ Հասան» մականունով հայտնի Ասլան Ուսոյանը հայտարարել է, թե իր դեմ մահափորձը կազմակերպել է ադրբեջանական քրեական խմբավորման ղեկավար Ռավշան Ջանիեւը՝ «Ռավշան Լենքորանսկի» մականունով: Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Մինչ վերջերս, Ջանիեւը վերահսկում էր Մոսկվայի Չերկիզովսկի շուկան: Շուկայի փակումից հետո Լենքորանսկին փորձել է մտնել «Դեդ Հասանի», ինչպես նաեւ նրա մրցակից Տարիել Օնիանիի ազդեցության տարածքներ: Ուսոյանը փորձ է արել վտարել Ջանիեւին Մոսկվայից, բայց ադրբեջանցիներին աջակցել է Ջեմո եւ Մամուկի Միքելաձեների ավազակախումբը: Ուսոյանի կարծիքով, հենց այդ տարաձայնություններն էլ մահափորձի պատճառ են դարձել:

Հասանը կարծում է, որ Լենքորանսկին որպես մարդասպան վարձել է իսլամական ծայրահեղականի: Մեղադրանքներից անմիջապես հետո, Լենքորանսկին մեկնել է Ուկրաինա, որտեղ նրան ձերբակալել են փաստաթղթերի կեղծման համար:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, սեպտեմբերի 16-ին Տվերսկոյ փողոցի վրա մահափորձ էր իրականացվել «Դեդ Հասանի» դեմ: Նա վիրավորվել էր փորից: Ուսոյանին եւ նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրանք վիրահատության էին ենթարկվել:

Նախկինում մահափորձը կապում էին Տարիել Օնիանիի հետ, ում կասկածում են «Դեդ Հասանի» կողմնակից «Յապոնչիկի»՝ Վյաչեսլավ Իվանկովի սպանության մեջ: