Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երբեք ԱՄՆ-ի նախագահ չի դառնա, որովհետեւ վախը երբեք չի ղեկավարի այս երկիրը: Այդ մասին հայտնել է դերասան Ջորջ Քլունին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հինգշաբթի Կաննի փառատոնի շրջանակում ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը ներկայացրել է իր նոր` «Փողային հրեշ» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարել են Ջորջ Քլունին եւ Ջուլիա Ռոբերթսը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես ֆինանսական հայտնի հեռուստահաղորդման վարողին եւ նկարահանող խմբին պատանդ է վերցնում երիտասարդը, որն իր բոլոր խնայողությունները կորցրել է` վստահելով հաղորդման վարողի խոսքերին: Կաննում մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը հարցրել է, թե այդ ֆիլմի նկարահանող խումբը հնարավոր համարում է դեպքերի զարգացման այնպիսի տարբերակ, երբ ԱՄՆ-ի նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը:
«Սկսենք նրանից, որ Դոնալդ Թրամփը նախագահ չի դառնա: Դա տեղի չի ունենա, որովհետեւ վախը այն չէ, ինչը կառավարելու է մեր երկիրը: Մենք չենք վախենա մահմեդականներից կամ ներգաղթյալներից կամ կանանցից, մենք իրականում ոչնչից չենք վախենում, այդ պատճառով վախը չենք օգտագործի», — ասել է Քլունին:
Նա ընդգծել է, որ Թրամփի քաղաքականությունը այն բանի արդյունքն է, որ ԱՄՆ-ի լրատվական ծրագրերի մեծամասնությունը միայն վարկանիշի համար է անհանգստանում: «Իսկ եթե 24 ժամ լուրեր ես դիտում, դա չի նշանակում, թե ավելի շատ թարմ լուր կստանաս, դա նշանակում է, որ ավելի շատ լուր կստանաս, ինչպիսին էլ լինենք դրանք… Մեզ մոտ անհետացել է փաստեր ստանալու եւ ճշմարտություն լսելու հնարավորությունը», — նշել է դերասանը:




























