Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացվող Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների եւ մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված տարատեսակ համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը: Շնորհավորելով դեսպան Ավակովին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը կներառի նաեւ նոր ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, առաջիկա համապետական ընտրություններին զինծառայողների ընտրելու իրավունքի պատշաճ երաշխավորումը:

Դեսպան Ավակովն իր հերթին վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի: 

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դեսպան Ավակովին մաղթել է հաջողություններ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում: