Հայաստանի Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը դեմ չէ երկրում օտարալեզու դպրոցների վերաբացմանը: Նման տեսակետ նա հայտնել է այսօր` սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, օտարալեզու, այլընտրանքային դպրոցներ կան բոլոր երկրներում: Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Արմեն Աշոտյանն անում է այն, ինչ դուք չեք արել ձեր նախարար եղած տարիներին, Սերգո Երիցյանը պատասխանել է «Օրենսդրությունը կառավարության նախաձեռնությունն է: Այստեղ գաղտնիք չկա: Պետք է ասել, որ 10 տարիների ընթացքում ոչ մի նախարար չի հայտարարել, որ իր նախորդի ծրագրերը չի շարունակում: Այդ թվում եւ պարոն Աշոտյանը, Սեյրանյանը, Մկրտչյանը շարունակել են այն ծրագրերը, որ նախկինում գոյություն են ունեցել: Բնականաբար  ամեն ժամանակ իր թելադրանքն ունի: Ուղղակի ինձ բաժին է ընկել մի ժամանակահատված, երբ կրթության մասին ունեինք ընդամենը մի օրենք: Եվ կրթության ռազմավարության հիմնական ուղղությունները ծնվել են այդ թվականներին: Հետագա նախարարները շարունակել են այդ ծրագրերը»:

Նրա ներկայացմամբ, կրթության ոլորտի մի քանի օրենքներ եւ հիմնական ռազմավարական ծրագրեր իր ժամանակ են ծնունդ առել:

Սերգո Երիցյանը հայտարարեց նաեւ, որ ներկա օրենսդրությունը սկզբունքորեն լեզվի դեմ է:  Նա նշեց, որ ինքը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որը մի շարք օրենքներում փոփոխություններ է ենթադրում, այդ թվում «Գովազդի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին» օրենքներում, որոնք թույլ կտան «հստակեցումներ եւ ճշգրտումներ կատարել, ախտորոշել լեզվական խախտումը»:

«Անկատար օրենսդրությունը հնարավոր չի դարձնում աշխատանքը մեր կազմակերպության կողմից: Օրինագիծն այժմ քննարկվում է Արդարադատության նախարարությունում: Ժամանակին էլ եղել են նման օրինագծեր, սակայն հասել են Ազգային ժողով եւ կանգ են առել: Համարել են, որ այս օրենսդրական նախաձեռնությունը վերամշակման կարիք ունի»,- նշել է Երիցյանը: