Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն, եւ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը: Այս մասին, մայիսի 12-ին Փարիզում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից զրույց ունեցան երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար եւ այլ բնագավառներում համագործակցության շուրջ:

Նախարարներ Նալբանդյանն ու Էյրոն գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման եւ ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն, եւ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։

Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը։

Բանակցությունների առանցքային հարցն էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Նախարար Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին հետեւողական ջանքերը՝ ապրիլի սկզբին տեղի ունեցածը բացառելու եւ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ։

Զրուցակիցները համակարծիք էին, որ ուժի կիրառումն անընդունելի է, եւ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք ընդգծեցին ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման եւ դրա ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարեւորությունը եւ դրանց լիակատար իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց հրադադարի խախտումների եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման եւ հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման հրատապությունը։

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն՝ ուղղված հիմնախնդրի՝ բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը:

Էդվարդ Նալբանդանը Ժան-Մարկ Էյրոյին հրավիրեց այցելել Հայաստան։