Որեւէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար պարոն Սվիտալսկուց փող չի ակնկալում, եթե նա այդպիսի բան է ասել: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությանը, ըստ որի ԵՄ-ն Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չի հատկացնի նախատեսված 15 միլիոն եվրոն, եթե արդյունքներ չտեսնի:

«Կոռուպցիայի դեմ պայքարն ամենեւին չի շաղկապվում ԵՄ-ի տված փողերին: Կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին որպես այդպիսին փող չի պահանջում: Այն պահանջում է ուղղակի որոշ դեպքերում, մի գուցե, ծայրահեղ կոշտ որոշումներ եւ այն ինչ ասեց վարչապետը, նա ասեց, որ նախ ինքն իր համար պատրաստել է որոշակի մոտեցումներ, սպասում է նաեւ հանրային արձագանքին, ակտիվ քաղաքացիների, քաղաքական ուժերի, որպեսզի իր փաթեթն ամբողջականացնի եւ կյանքի կոչի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքար տարվում է, որոնք արդյունք տալիս են, բայց այդ արդյունքն անմիջապես շոշափելի չէ: «Մենք շատ արագ ենք սովորում լավին, վատը, բնականաբար, մեր աչքին ավելի արագ է երեւում եւ դա լավ է, բայց ասել, որ աշխատանք չի կատարվում դա սխալ կլինի եւ եթե մենք վերլուծենք, ենթադրենք 2016 թվականի սկզբից ընդունված կառավարության որոշումները, դուք կտեսնեք, որ զգալի մասում հենց այդ ուղղությամբ քայլեր կատարված են»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: