Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռումինիայում ԱՄՆ-ի կայանի գործարկումն ափսոսանք է առաջացնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Կարծում եմ, դուք բոլորդ կհամաձայնեք ինձ հետ. վերջին դեպքերը վկայում են, որ իրավիճակը չի բարելավվում, ցավում եմ, որ այն վատանում է: Նկատի ունեմ այժմ Ռումինիայում ռադիոտեղորոշիչ կայանի գործարկումը, որպես ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգի տարրերից մեկը», — հայտնել է ՌԴ նախագահը ՊԱՀ-ին նվիրված խորհրդակցությանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը արդեն իր մտահոգությունը հայտնել է, առաջարկել է համատեղ աշխատել ամերիկացի գործընկերների հետ: 

«Այդ ամենը ըստ էության մերժվել է, մեզ առաջարկվում է ոչ թե աշխատանք, այլ ուղղակի զրույց տվյալ թեմայով, կոնկրետ ոչինչ: Ամեն ինչ արվում է միակողմանի կարգով, առանց հաշվի առնելու մեր մտահոգությունները: Դա ափսոսանք է առաջացնում» , — ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը Ռումինիայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրումը դիտարկում է որպես միջին եւ փոքր հեռավորության հրթիռների վերացման պայմանագրի խախտում: