Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է ակումբից ակումբ ֆուտբոլիստների տեղափոխության գրանցման նոր համակարգը` Transfer Matching System-ը (TMS), որը ինտերնետային է, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը: Նոր համակարգը փոխարինելու է թղթային գործարքներին եւ կոչված է պաշտպանել երիտասարդ ֆուտբոլիստների իրավունքները, նաեւ պայքարել փողերի լվացման դեմ:
Ինտերնետային համակարգը ֆուտբոլիստների միջազգային տեղափոխությունները կդարձնի ավելի արագ, հարթ եւ թափանցիկ: ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը հայտարարել է, որ սա ֆուտբոլի համար պատմական պահ է: Հասարակ առցանց-համակարգը հսկայական ազդեցություն կունենա տրանսֆերների վրա:
Բլատերը նշել է, որ այն գործարքները կդարձնի թափանցիկ եւ կօգնի պայքարել փողերի լվացման դեմ:
Համակարգը փորձարկվում էր 2006թ. փետրվարից` 18 երկրներում: Հետագայում կիրառվել է աշխարհի 3,6 հազար ակումբներում: ՖԻՖԱ-ի պահանջով 2010թ. հոկտեմբերի 1-ից բոլոր տեղափոխությունները պետք է կատարվեն նոր համակարգի միջոցով:





























