Հայաստանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակից Վարդան Եղիազարյանն իսկապես «Գրին քարտ» է շահել եւ մշտական բնակության մեկնել Միացյալ Նահանգներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը՝ մեկնաբանելով հայաստանյան մամուլում տարածված տեղեկությունները:

Արծվին Բաղրամյանը, սակայն, հերքել է տեղեկությունը, թե Վարդան Եղիազարյանը եղել է կադրերի բաժնի պետ, նշելով, որ նա եղել է ԱԱԾ աշխատակից: Թղթակցի համառ փորձերը՝ մամուլի քարտուղարից պարզելու, թե ո՞ր բաժնի աշխատակից է եղել Եղիազարյանը եւ ինչո՞վ է զբաղվել` անցել են ապարդյուն: «Նա եղել է ԱԱԾ աշխատակից, օրինական կարգով ազատվել է աշխատանքից, «Գրին քարտ» է շահել եւ մեկնել է ԱՄՆ»,- նշեց Բաղրամյանը:

Վերջինս նաեւ բացառում է, թե Եղիազարյանը կարող է ԱՄՆ-ում որոշ գաղտնիքներ բացահայտել իր նախկին աշխատանքի վեաբերյալ:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, թե ԱԱԾ կադրերի բաժնի նախկին պետը` Վարդան Եղիազարյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: «ԱԱԾ-ի կադրերի բաժնի պետը այդ գերատեսչության այն եզակի պաշտոնյաներից է, ով տիրապետում է կամ, առնվազն, իրավունք ունի ծանոթանալ այդ կառույցի կադրերի ողջ բազային`գործակալներից սկսած` վերջացրած արտեկրում եղած լրտեսներով: Այսօրվա տեխնիկական պայմաններում այդ ինֆորմացիան կարող է ամփոփվել փոքրիկ մի չիպում: ԱՄՆ-ում ռուսական գործակալների բացահայտման վերջին սկանդալային պատմությունից հետո լուրեր տարածվեցին, որ սկզբնական ինֆորմացիայի արտահոսքը եղել է ՀՀ ԱԱԾ-ից: Դրա հիման վրա էլ բացահայտվել էր ողջ ցանցը: Արդյոք այդ արտահոսքը հենց ԱԱԾ կադրերի բաժնի պետի ԱՄՆ մեկնելու արդյունքում չի եղել` ոչ ոք չի կարող ասել»,- գրել էր թերթը՝ խայտառակություն որակելով, որ ԱԱԾ-ում նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը պատրաստ է լքել Հայաստանն ու «Գրին քարտով» մեկնել ԱՄՆ: