Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերն ամերիկյան հետախուզության եւ զինվորականների «դեսպանության իրազեկիչն է» եղել: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Wikileaks-ը հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Բրազիլիայի նոր նախագահ Միշել Տեմերը քաղաքական տեղեկություններ է տրամադրել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդին եւ ամերիկյան զինվորականներին»,- ասված է հաղորդագրությունում: 

Մայիսի 12-ին Բրազիլիայի Դաշնային սենատը ձայների 55 «կողմ» եւ 22 «դեմ» հարաբերակցությամբ հավանություն է տվել նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի գործընթացը շարունակելուն: Երկրի ղեկավարը 180 օրով պետք է հեռանա պաշտոնից: Նրա պարտականություններն այդ ընթացքում կատարելու է փոխնախագահ Միշել Տեները:

Այդ ընթացքում սենատորները պետք է ուսումնասիրեն մեղադրանքները, որոնք Ռուսեֆի դեմ առաջադրել են իմփիչմենթի գործընթացը նախաձեռնողները: Եթե սենատորներին ներկայացված փաստարկները համոզիչ չթվան, Ռուսեֆը կվերադառնա պարտականությունների կատարմանը, հակառակ դեպքում Տեմերը կպաշտոնավարի մինչեւ 2018 թվականի ընտրությունները: