ԱՄՆ հետախուզության վերլուծաբանները օրեցօր ավելի վստահ են, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մուդուրոյին մինչեւ նրա պաշտոնավարման ավարտը՝ 2019 թվականը պաշտոնանկ կանեն իր իսկ կուսակիցները՝ Սոցիալիստական կուսակցությունից, հայտնում է Associated Press–ը:
Հետախուզության աշխատակիցները հայտնել են այս տվյալները անանունության պայմանով: Նրանց խոսքով, դրա պատճառն այն է, որ երկրի տնտեսությունը դուրս է եկել հսկողությունից ու Մադուրոյի քաղաքական իշխանությունը նույնպես դրանից թուլանում է:
Ընդ որում հավանական սցենարն է այսպես կոչված պալատական հեղաշրջումը, որի դեպքում հաջորդ տարվա քվեարկության ժամանակ սոցիալիստները կողմ կարտահայտվեն Մադուրոյին նախագահի պաշտոնից հեռացնելուն: Վերլուծաբանները սա բացատրել են նրանով, որ այդ քաղաքական գործիչները մտահոգություն ունեն, որ Մադուրոն ոչնչացնում է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի թողած ժառանգությունը՝ աղքատության դեմ պայքարում:
Վերլուծաբանները նաև վախենում են, որ իրադաձությունները կարող են նաեւ վտանգավոր ու արյունոտ զարգացում ունենալ, որի դեպքում իշխանափոխությունը կկատարվի ռազմական ճանապարհով: Այդուհանդերձ այս պահին այս վարկածը քիչ հավանական է թվում: Բայցեւայնպես գործակալությունը նշում է , որ 1992-ին նույնպես ոչ ոք չէր կարող ենթադրել, որ ոմն գնդապետ Ուգո Չավես կառաջնորդի ռազմական հեղաշրջումը՝ իրադարձություն, որը ճիշտ է միանգամից իշխանափոխություն չապահովեց, բայց Չավեսին այնքան հանրահայտ դարձրեց, որ հետագայում նա ընտրվեց երկրի նախագահ:




























