Ռուսաստանի Պետդումայի կողմից վերջերս ընդունված «Հայրենակիցների մասին» օրենքը, որով հետխորհրդային երկրների բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տրվում առանց որեւէ խոչընդոտների բնակվել եւ աշխատել Ալթայի հանրապետությունում, անհանգստություն է առաջացրել «Սարդարապատ» հասարական նախաձեռնության անդամների մոտ։ Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ դա աղետալի հետեւանքներ կունենա Հայաստանի համար։ Նրա խոսքով, վաղվանից Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հենց այս թեմային վերաբերող սեմիանարներ կմեկնարկեն։

«Եթե նույնիսկ ամենալավ ծրագիրը պատրաստենք եւ ներկայացնենք Սերժ Սարգսյանին, նա  նույնիսկ ցանկության դեպքում ի վիճակի չէ իրագործել, որովհետեւ իր ղեկավարած  համակարգն իրեն չի թողնելու, ուրեմն լուծումը մեկն է ՝ հնարավորինս շուտ Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնել»,- ասաց նա:

Հանդիպմանը ներկա ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ նշեց, որ  այս օրենքով, ռուսները ցանկանում են Չինաստանի հետ սահմանին ստեղծել յուրահատուկ հայկական պատնեշ, քանի որ հայ ազգը աշխատասեր է, չի խմում եւ փողերը չի մսխում։

«Վերջերս ամբողջ աշխարհը զմայլվում էր, թե ինչպես Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դեղին մեքենայով շրջում է Չիտա-Խաբարովսկ նոր ավտոմայրուղիով։ Մենք բոլորս նկատեցինք, որ ավտոմայրուղին դատարկ էր եւ դա մեծագույն խնդիր է Ռուսաստանի համար, որովհետեւ տարիներ հետո այդ շրջանում կառուցվելու է տիեզերակայան, ուստի  ամեն 100 կմ  մեկ հող է հատկացնում` բնակեցնելու համար։  Ռուսաստանը լուծում է իր խնդիրները՝ հայերին այնտեղ բնակեցնելով»,-ասաց Խզմալյանը հավելելով, որ յուրաքանչյուրին տրվելու է 10-15 հազար դոլար գումար, տուն, կացության իրավունք եւ որ արդեն 5000 մարդ պատրաստվում է մեկնել Հայաստանից։