Գառնիի «Քարերի սիմֆոնիա» հուշարձանն ամբողջությամբ աղբանոցի է վերածվել. բացի այդ, ամեն անգամ այնտեղ այցելելիս ականատես ենք դառնում ահավոր մի տեսարանի. սյուների ներքեւի հատվածում փորվածքներ են արված, որպեսզի հուշարձանի քարերն իրենք-իրենց ընկնեն, իսկ դրանում շահագրգռված մարդիկ էլ, դրանք շինարարության մեջ օգտագործելու համար, վերցնեն ու տանեն այդ քարերը։ Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպանություն» նախաձեռնող խմբի ղեկավար Վահագն Փիլիպոսյանը:

Նրա կարծիքով, նման վերաբերմունքն անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ Գառնու «Քարերի սիմֆոնիան» ներառված է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում։ «Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի բնության այդ հուշարձանը փրկելու համար։ Բացի այդ, խայտառակ վիճակ է նաեւ Գառնու ձորում եւ դրանով հոսող Ազատ գետում. ամենուրեք խորովածի կրակի հետքեր, գետը թափված շշեր, աղբ։ Այնպես որ, խնդրով պետք է զբաղվեն եւ Բնապահպանության, եւ մշակույթի նախարարությունները։ Իսկ «Քարերի սիմֆոնիայի» պարագայում, փլուզումներից խուսափելու համար, կարող է լինել անգամ ԱԻՆ միջամտության կարիքը»,- ասաց Վահագն Փիլիպոսյանը՝ միաժամանակ ավելացնել, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» մասով 90 տոկոսով մեղավոր են տեղաբնակները։ «Մանավանդ դեպի վանքեր ուխտագնացությունները վերածվում են վանդալիզմի»,-նկատեց նա։

Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետ Գարեգին Կնյազյանն էլ, անդրադառնալով Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող Հավուց Թառ եւ Աղջոց վանքերի վիճակին, նշեց, որ անհրաժեշտ հոգածություն չցուցաբերելու դեպքում դրանք հաջորդ տարի պարզապես չեն լինի։ «Այդ եկեղեցիները կվերածվեն քարակույտերի։ Մենք Ջուղայի խաչքարերի ավերման համար մեղադրում ենք մեր հարեւաններին, սակայն մեր ունեցածն ավիրում ենք մեր իսկ ձեռքով։ Մշակույթի նախարարությանը, օլիգարխներին եւ չինովնիկներին կոչ եմ անում աջակցել եկեղեցիների պահպանմանը։ Պետական մակարդակով հոգածություն է անհրաժեշտ»,- ասաց ճարտարապետը՝ ավելացնելով, որ Խոսրովի արգելոցի տարածքում գոյություն ունեցող 50-ից ավելի բոլոր եկեղեցիներն էլ հիմնականում քայքայման եզրին են գտնվում։