Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր` սեպտեմբերի 30-ին մեծ ուշացումով հաղորդել է, որ երեկ երեկոյան անանուն տեղեկություն է  ստացվել Բաքվի մետրոպոլիտենում տեղադրված ռումբի մասին:

Ըստ գերատեսչության պաշտոնական կայքի տեղեկատվության, անանուն զանգի հեղինակը հավաստիացրել է «Մայիսի 28-ի» կայարանում տեղադրված ռումբի մասին: «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ համապատասխան կառույցները: Նրանք ապահովել են մարդկանց անվտանգությունը, իսկ անցկացված միջոցառումների ընթացքում կասկածելի իրեր չեն հայտնաբերվել: Գործողությունն ավարտվել է 18:41-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախօրեին տեղեկություն էր ստացվել Ադրբեջանի կենտրոնական բանկի մոտ դրված ռումբի մասին: Պաշտոնական վարկածով, պայթուցիկ սարք կրկին չի հայտնաբերվել: