Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն այսօր՝ մայիսի 16-ին, չընդգրկվեց խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի օրակարգում:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ այսօրվա նիստի ժամանակ օրինագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու օգտին քվեարկեց ընդամենը 12 պատգամավոր, մնացած պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը: Կողմ քվեարկեցին ՀՅԴ պատգամավորները եւ «Ժառանգության» որոշ պատգամավորներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը դրական եզրակացություն չի ստացել: Հանձնաժողովում  նախագծին կողմ է քվեարկել միայն Թեւան Պողոսյանը, դեմ՝ ՀՀԿ-ից Համլետ Հարությունյանը, մնացած անդամները չեն մասնակցել քվեարկությանը: