Սեպտեմբերի 30-ին Երեւանում մեկնարկել է «Անվտանգության խնդիրները եւ ինֆորմացիոն համագործակցությունը Հարավային Կովկասում » միջազգային կոնֆերանսը։
Կոնֆերանսի մասնակիցներին ուղերձով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահն իր ուղերձում, մասնավորապես, շեշտադրում է արել նրա վրա, որ լրատվամիջոցները սատարում են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Նա ընդգծել է, որ խաղաղության եւ հանդուրժողականության այլընտրանքներ չկան, իսկ նմանատիպ կոնֆերանսները կնպաստն այդ արժեքների ձեռքբերմանը։
Խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք են միմյանց։ Նրա խոսքով, տարածաշրջանում Ռուսաստանը Հայաստանի «հովանոցն» է, իսկ Հայաստանը՝ նրա ֆորպոստը։
Մյուս հայ փորձագետ Ալեքսանդր Մարկարովն իր ելութում հայտարարել է, որ այսօր տարածաշրջանի երկրները միմյանց կապված են սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրների մեկ ընդհանուր շղթայով։
Վրացի փորձագետ Գիա Մեպարիշվիլին անդրադարձել է հետխորհրդային տարածքում ռուսալեզու լրատվամիջոցների պահպանության եւ զարգացման անհրաժեշտությանը։ Նա նաեւ ընդգծել է նախկին խորհրդային հանրապետություններում ռուսերենի պահպանման սոցիալական դերի մասին՝ ցավով նշելով, որ այսօր ռուսերենն իր տեղը զիջում է անգլերենին։





























