Հարավային կովկասում հաստատված քաղաքական աշխարհագրությունն առաջիկայում կփոխվի, ինչը ծանր կացության մեջ կդնի ազգային կառավարություններին եւ տարածաշրջանային անվտանգության սպառնալիք կստեղծի: Երեւանում ընթացող «Հարավային Կովկասում անվտանգության եւ տեղեկատվական համագործակցության խնդիրները» միջազգային 5-րդ գիտաժողովի ընթացքում նման ապոկալիպտիկ կանխատեսումներ է արել ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական եւ ասիական ծրագրերի ղեկավար Նիկոլայ Զլոբինը:
Ընդ որում, ճանաչված փորձագետն ընդհանրապես տարակուսանք է հայտնել, որ Հարավային Կովկասը տարածաշրջան են անվանում, քանի որ որպես տարածաշրջան այն ընդհանրապես չի կայացել: «Այսօր ազգային պետությունները, նրանց քաղաքականությունն ու տնտեսությունն ընդհանրապես հեռանում են իրարից, եւ դա թույլ չի տալիս Հարավային Կովկասը որպես մեկ միասնական տարածաշրջան դիտարկել»,- պարզաբանել է Զլոբինը:
Ընդհանուր առմամբ, խոսելով գլոբալ անվտանգության մասին՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ այն խարխլվել է:
«Այսօր գոյություն չունի ռազմական անվտանգության համակարգ` որպես այդպիսին, քանի որ ոչ մի երկրի ոչ մի բանակ ընդունակ չէ հաղթել որեւէ պատերազմում: Ազգային անվտանգության համակարգը եւս խարխլվել է, քանի որ բախվում է սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական եւ մշակութային մարտահրավերների»,- պարզաբանել է նա եւ հավելել, որ անհրաժեշտ է վերագնահատել գլոբալ անվտանգության ողջ համակարգը:
Նիկոլայ Զլոբինը կանխատեսել է ազգային տնտեսությունների անկում ամենամոտ ապագայում, ինչպես դա եղավ ազգային լրատվամիջոցների հետ, որոնք փաստացի դադարել են գոյություն ունենալ: «Այսօր ազգային պետության նախագահն ավելի քիչ ազդեցություն ունի տնտեսության վրա, քան միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները»,- ասել է նա:





























