Հայ եւ ադրբեջանցի բանակցողները տրամադրված են փոխզիջումներ գտնելու հարցում: Ըստ ՏԱՍՍ-ի, Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, Ավստրիայի մայրաքաղաքում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են տարածաշրջանում հրադադարի ռեժիմը պահպանել 1994-1995 թվականների համաձայնությունների ձեւաչափում:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ իրենք հիմքեր ուներ ենթադրելու, որ հայ եւ ադրբեջանցի բանակցողները տրամադրված են փոխզիջումների ձեւակերպմանը: «Մենք կնպաստենք դրան»,- ասել է նա:

Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ «հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը, որի ընթացքում կշարունակվի ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորման չափանիշների համաձայնեցման ուղղությամբ աշխատանքը»: