Երեւանի քաղաքապետարանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին ընդունած որոշմամբ, արգելել է Հայ ազգային կոնգրեսի իրազեկումը՝ հանրահավաք եւ երթ անցկացնել Ազատության հրապարակում: Քաղաքապետարանն առաջարկել է հոկտեմբերի 15-ի համապետական հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում: Հանրահավաքի ավարտին անցկացվելիք երթի մասին իրազեկումը ընդունվել է ի գիտություն:

Վկայակոչելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13-րդ հոդվածը` քաղաքապետարանը արձանագրել է, որ «երեխաների հանգիստն ու ժամանցն ապահովող միջոցառումը բացառում է միաժամանակ նույն տարածքում հանրահավաքի անցկացումը»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այս առնչությամբ ասաց. «Սրանով իշխանություններն ընդունում են, որ Հայաստանում շարունակվում է 2008 թվականի մարտի 1-ից սկսված քաղաքական ճգնաժամը: Եւ այս մերժումներն էլ հենց դրա հետեւանքն են»: Նրա խոսքով՝ մարտի 1-ից սկսած՝ իշխանություններն ամեն կերպ  փորձել են Ազատության հրապարակը օկուպացված պահել, որպեսզի ՀԱԿ-ը չկարողանա հանրահավաքներ անցկացնել: «Իշխանություններն ավելի խելոք բան չեն մտածել, քան մերժել մեր հայտը՝ ինչ-որ խաղալիքների, կարուսելների առկայության պատրվակով: Բայց ամենակարեւորն այն է, որ իշխանությունը սարսափում է այն մտքից, որ ընդիմությունը կարող է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում»,-նկատեց Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը նշեց նաեւ, որ քաղաքապետարանի կողմից ի գիտություն չընդունված իրազեկումներից 10-ի վերաբերյալ ՀԱԿ-ը հայց է ներկայացրել դատարան, որոնց վերաբերյալ արդեն տեղի են ունեցել դատական լսումներ: «Մենք այդ  որոշումները բողոքարկելու ենք նաեւ Եվրոպական դատարանում»,-նկատեց Զուրաբյանը: 

Նշենք, որ սա Ազատության հապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ ՀԱԿ-ի կողմից վերջին մեկուկես ամսվա ընթացքում ներկայացված թվով 13-րդ իրազեկումն է, որ քաղաքապետարանն ի գիտություն չի ընդունել: