Ընթացիկ տարվա հունվար-մարտի տվյալների համաձայն՝ Հայաստանի արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը կազմում է ավելի քան 78.2 հազար։ Նշենք, որ այստեղ ներառված են բնական մենաշնորհների ոլորտի ձեռնարկությունները, որոնց բնորոշ է մեծաթիվ անձնակազմը (որպես կանոն՝ մի քանի հազար մարդ)։ Այսպես՝  էլեկտրաէներգիայի եւ բնական գազի մատակարարման ոլորտի խոշոր ընկերությունների բաժինը գերազանցում է Հայաստանի արդյունաբերության ոլորտի ամբողջ անձնակազմի 1/5-ը։

Եթե դիտարկենք ոչ այնքան վաղ անցյալի տվյալները, ապա ակնհայտ է հսկայական հետընթաց։ Անցյալ դարի 80-ական թթ. միայն մեքենաշինության եւ մետաղամշակման ոլորտում անձնակազմի քանակը հասնում էր 198 հազարի։ Այսինքն՝ 2.5 անգամ գերազանցում էր ներկայիս ցուցանիշը։

Ինչ վերաբերում է անցած մեկ տարվա դինամիկային, ապա այստեղ բացասական ցուցանիշ է գրանցվել. աշխատակիցների քանակը կրճատվել է գրեթե 1.5 հազարով։ Ընդ որում, ձեռնարկությունների տեսակներով պատկերը միանման չէ։ Կրճատվել է գերփոքր եւ միջին ձեռնարկությունների անձնակազմը համապատասխանաբար 2.6 եւ 0.5 հազարով։ Միաժամանակ մեծացել է փոքր եւ խոշոր ձեռնարկությունների աշխատակիցների քանակը համապատասխանաբար 0.3 եւ ավելի քան 1.3 հազարով։

Նշենք, որ հայրենական արդյունաբերության անձնակազմի ավելի քան կեսը՝ 57.2 տոկոսը, բաժին է ընկնում 59 խոշոր ձեռնարկությունների։ Իսկ ահա գերփոքր ձեռնարկությունների բաժինը ընդամենը 7.9 տոկոս է։

Բնականաբար աշխատանքի արտադրողականությունը մեծ է խոշոր ձեռնարկություններում։ Կոռեկտ համեմատությունների համար վերցնենք նույն ոլորտի գործունեություն ծավալող ընկերություններ, օրինակ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Այսպես՝ հունվար-մարտ ժամանակահատվածում աշխատանքի արտադրողականությամբ խոշոր ձեռնարկությունները ավելի քան 2 անգամ առաջ են անցել գերփոքր ձեռնարկություններից։

Ստվերային շրջանառությունը, բնականաբար, կա բոլոր ձեռնարկություններում։ Այդ պատճառով աշխատանքի արտադրողականության մեջ այդքան մեծ տարբերությունը կարելի է համարել իրականությանը համապատասխանող։ Չէ՞ որ, ասենք, փոքր հացի գործարանը այդ առումով չի կարող մրցել խոշոր հացի գործարանի հետ։ Բայց փոքր բիզնեսը իր ավանդն է ներդնում քաղաքացիներին աշխատանքով ապահովելու գործում։ Վատն այն է, որ այդ դերը, դատելով վերոնշյալ թվերից, մեկ տարում զգալի թուլացել է։