Թուրքիայում մեծ արձագանք է գտել Սիրիայի ահաբեկիչներին զենք տանող բեռնատարները կանգնեցնելու հրաման տված դատախազների պաշտպանական ճառերը հրապարակած կին լրագրողին ազատազրկման դատապարտելը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ կին լրագրող Արզու Յըլդըզն ընդամենը հրապարակել էր ահաբեկիչներին զենք տեղափոխող բեռնատարները կանգնեցնելու հրաման արձակած դատախազների պաշտպանական ճառերը։
Դատարանը Արզու Յըլդըզին դատապարտել է 20 ամիս ազատազրկման եւ զրկել մայրական իրավունքից։
Այս փաստը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Սոցկայքերում թուրք ակտիվիստները քննադատել են Էրդողանին ու իշխող կուսակցությանը։
Twitter-ում Էյլեմ Սեռա անունով ակտիվիստը, ով ունի 8 հազար հետեւորդ, գրել է. «Ֆաշիստական Գերմանիայում Հիտլերի մտքին չէր գա անել այն բռնությունները, ինչը իշխող կուսակցությունը իրականացնում է Թուրքիայում»։
Նշենք, որ թուրքական իշխանությունները հետաքննություն էին սկսել ահաբեկիչներին զենք տանող բեռնատարները կանգնեցրած դատախազների դեմ, քանի որ բեռնատարները Թուրքիայի հատուկ ծառայությունների ուղեկցությամբ եւ իշխանությունների հրահանգով էին ահաբեկիչներին զենք տեղափոխում։





























