Բնապահպան Սիլվա Ադամյանը տարօրինակ է համարում, որ Երեւանում գույքագրվել է 540 վթարային ծառ: NEWS.am-ի հետ զրույցում բնապահպանը նշեց՝ անհրաժեշտ է պարզել, թե այդ 540 ծառը ինչ հիմքերով եւ ինչպես է որպես վթարային ծառ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից գույքագրվել եւ ներկայացվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Մենք տեղյակ չենք այդ գույքագրումից, մեզ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել, գույքագրման աշխատանքներին չենք մասնակցել: Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ 540 վթարային ծառ կա Երեւանում: Առանց դրան էլ քաղաքում ինչ ծառ կա կտրել են, մնացել ենք առանց կանաչ գոտիների, հիմա էլ էդ 540 ծառը: Պետք է պարզել, թե ովքեր եւ ինչպես են այդ 540 ծառը որպես վթարային ծառ գույքագրել եւ ինչ հիմքերով: Հնարավոր է, որ նաեւ ոչ վթարային ծառեր կան դրանց մեջ, որոնք հետագայում իրենց բիզնես ծրագրերն իրականացնելու համար կտրվեն»,-ասաց բնապահպանը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանին ուղղված NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից պատասխանել են, որ մայրաքաղաքում վթարային ծառատեսակները գույքագրել են վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների մասնագետները, որից հետո՝ ըստ ներկայացված ցանկի, տեղում ուսումնասիրություն է կատարվել բնապահպանության վարչության մասնագետների կողմից։
Վթարային ծառերի ուղղությամբ կատարվելիք աշխատանքները սկսվելու են մայիսի 20-ից: 540 վթարային վիճակում գտնվող ծառերը չոր եւ կենսունակ են։ Չորերն՝ ըստ հասցեագրված տարածքների, կենթարկվեն հատման, իսկ կենսունակները՝ խորը էտման։




























