Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երեխաներն այսօր՝ մայիսի 18-ին, դպրոց չեն գնացել. դպրոցը չի գործել, պատճառը խաղողագործներին դեռ նախորդ տարի մթերված խաղողի գումարի պարտքն է:  NEWS.am-ի հետ զրույցում քաղցրաշենցի խաղողագործ Սաշիկը նշեց, որ վարչապետը ապրիլի 21-ին ընդունել է իրենց, որին մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը, «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը: Խաղողագործի խոսքով՝ վարչապետն ու Արտակ Գալստյանը, որի գործարանում է մթրվել քաղցրաշենցիների խաղողը,   խոստացել են մինչեւ մայիսի 10-ը փակել մթերված խաղողի պարտքը:  Սակայն, մայիսի 10-ից հետո քաղցրաշենցիներին մթերած խաղողի պարտքն այդպես էլ չի վճարվել: Սաշիկի խոսքով՝ այժմ իրենք որպես բողոքի նոտա, փակել են գյուղի դպրոցը:

«Արդեն մեկ տարին լրանում է, մեր պարտքերը խաբում, չեն վճարում: Վարչապետն ընդունեց մեզ, էլի խաբեցին: Մենք դպրոցը փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչեւ վերադարձնեն մեր գումարները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» գործարանը քաղցրաշենցիներին պարտք է 185 միլիոն դրամ:

Նշենք, որ «Վինար» գործարանի սեփականատերերն են Ավետ Գալստյանը եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը։ Նրանք եւս այսօր ժամանել են կառավարության շենք: