Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանների բռնությունները երիտասարդական ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի ու Բայրամ Մամեդովի նկատմամբ:

Turan գործակալությանը տված մեկնաբանությունում Մուժնիեկսը գրել է. «Ես շատ մտահոգված եմ Բաքվի ոստիկանական բաժանմունքում երկու երիտասարդ ակտիվիստների՝ Բայրամ Մամեդովի ու Գիյաս Իբրահիմովի նկատմամբ դաժան վարվեցողության մասին հաղորդագրություններով:

Երիտասարդներին ձերբակալել են մայիսի 10-ին թմրանյութեր պահելու կասկածելի մեղադրանքով այն բանից հետո, երբ նրանք Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանի վրա ինչ-որ բաներ են գրել ու այդ լուսանկարը տեղադրել սոցցանցերում:

Նրանց դատապաշտպանը նրանց մարմինների վրա արյան զեղումների հետքեր է նկատել, իսկ Բայրամ Մամեդովը մանրակրկիտ հաշվետվություն է գրել իր նկատմամբ դաժան վարվեցողության մասին:

Ես իշխանություններին կոչ եմ անում ապահովել այս հաղորդագրությունների ամբողջական ու արդյունավետ հետաքննություն»: