Թուրքական լոլիկների շուրջ բանավեճերը թեժացան, եւ էկոնոմիկայի նախարարը խոստացավ առաջիկայում ամփոփել «ամփոփել այդ հարցով անցկացված հետազոտությունների արդյունքները»: Բայց Թուրքիայի հետ առեւտրի խնդիրները լոլիկով չեն սահմանափակվում: Գաղտնիք չէ, որ այստեղ նաեւ այլ լուրջ խնդիրներ կան:

Նույնիսկ Հայաստանի արտաքին առեւտրում հսկայական անհավասարակշռության ֆոնին Թուրքիայի մասով ցուցանիշները խիստ առանձնանում են: Այսպես, անցյալ տարի մեր երկրի ներկրումը 2.1 անգամ գերազանցել է արտահանման ծավալները: Իսկ ահա Թուրքիայի մասով այդ ցուցանիշն 90 անգամ է (!): Ըստ էության, հումքից բացի, թուրք ձեռներեցները ոչնչով չեն հետաքրքրվում: Այդպիսի մոտեցումը, ենթադրաբար, ոչ տնտեսական բնույթի պատճառներ ունի:

Թուրքիա մեր արտահանման տեսականին սահմանափակվում է մեկ տասնյակ ապրանքային խմբերով (4 նշանոց կոդով): Ընդ որում, առյուծի բաժինը՝ (ավելի քան 73%-ը, բաժին է հասնում միայն մեկ ապրանքային խմբին՝ խոշոր եղջերավոր անասունների անմշակ կաշվին: Անցյալ տարի 149 հազար այդպիսի կաշի է ներկրվել՝ շուրջ 1.1 մլն դոլար արժողությամբ:

Սրան հետեւում են 33.8 կգ ընդհանուր քաշով թանկարժեք մետաղներից զարդերը՝ 0.3 մլն դոլար արժողությամբ (ամենայն հավանականությամբ, դրանք ձեռք են բերել մանրածախ եւ երկրից արտահանել են ֆիզիկական անձինք): Նշված երկու ապրանքային խմբերը միասին ապահովել են մեր երկրի արտահանման շուրջ 94%-ը: Սրանով Թուրքիա մեր «արտահանումն» ավարտվում է:

Այլ հարց է ներմուծումը, որը զգալիորեն տարբերվում է արտահանումից: Ընդ որում՝ ոչ միայն ծավալի, այլեւ տեսականու առումով: Օրինակ՝ անցյալ տարի Թուրքիայից ավելի քան 800 խմբի ապրանք է ներմուծվել: Սակայն ներկրման կառուցվածքում անհամաչափություն չի նկատվել: Ասենք՝ ներկրվող ապրանքային խմբերից ամենամեծի ծավալը չի հասել նույնիսկ 5%-ի:

Շատերին կհետաքրքրի, թե ապրանքային ո՞ր խումբն է Թուրքիայից ներկրման առաջատարը: Իսկ դրանք պարզ մաքրող եւ լվացող միջոցներն են (բացառությամբ օճառի, որն ապրանքային այլ խմբում է): Անցյալ տարի Թուրքիայից Հայաստան ավելի քան 3.5 հազար տոննա մաքրող միջոց է ներկրվել: Համենայն դեպս, այդ մասին է վկայում պաշտոնական տեղեկատվությունը:

Իհարկե, հայրենական լոլիկների մրցունակության բարձրացման խնդիրը հարկավոր է լուծել: Ընդ որում, ոչ այնքան արգելող միջոցներով, որքան տեղական արտադրանքի ինքնարժեքի նվազման հարցերում պետության աջակցությամբ: Բայց ցանկալի է ուշադրություն դարձնել նաեւ այլ ապրանքներին, որոնք մեր երկրում ժամանակին արտադրվում էին, իսկ հիմա ներկրվում են, այդ թվում՝ նույն մաքրող միջոցները:

Սմբատ Գրիգորյան