«Իրավունք» թերթը գրում է. «Արդյոք ՀՀ-ին պետք է այլընտրանքային զինծառայությունը։ Սա այն հարցերից է, որը հնչեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Տարբեր տեսակետներ հնչեցին։ Մի մասը կարծում է, որ այլընտրանքային զինծառայությունից օգտվողներն այնքան քիչ են, որ դրանից մեր անվտանգությունը չի տուժում, մի մասի կարծիքով էլ՝ պետք է այլընտրանքային զինծառայողների ներուժն օգտագործել Արցախում, որտեղ կամավորական աշխատանքի կարիք կա։

«Իրավունքը» պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու 2014-2015-ին քանի՞ քաղաքացի է օգտվել այլընտրանքային զինծառայությունից։ Օգտվողները ավելի շատ Երեւանի՞ց են, թե՞ մարզերից։ Կոնկրետ ո՞ր մարզերից են օգտվել այլընտրանքային զինծառայությունից։ Կրոնական ո՞ր փոքրամասնության ներկայացուցիչներն են օգտվում զինծառայության այս տեսակից։ Հաշվի առնելով ռազմական գործողություններից հետո Արցախի Թալիշ գյուղի վիճակը՝ հնարավո՞ր է այլընտրանքային զինծառայությունից այս տարի օգտվողները ծառայությունն անցնեն Թալիշում, օրինակ, մասնակցեն Թալիշ գյուղի վերականգման աշխատանքներին։

Հարցման պատասխանից պարզ է դառնում, որ 2014-2015-ին այլընտրանքային զինծառայությունից օգտվողների թիվը չի փոխվել՝ 144։ Նրանցից 64-ը Երեւանից են, 20-ը՝ Արմավիրի մարզից, 5-ը՝ Արագածոտնի մարզից, Արարատի մարզից՝ 17, Կոտայքի մարզից՝ 12, Լոռու եւ Շիրակի մարզերից՝ 9-ական, Գեղարքունիքի մարզից՝ 4, Սյունիքի եւ Տավուշի մարզերից՝ 2-ական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում