Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ջրագիծ անցկացնելու նպատակով կատարված աշխատանքների ընթացքում հայտանբերվել են դամբարաններ: NEWS.am-ին Շիրակի երկրագիտական թանգարանից տեղեկացրին,  որ հայտնաբերված դամբարանները ուսումնասիրվել են, դրանք հիմնականում պատկանում է մ.թ.ա. 7-րդ դարին:  Երկրագիտական թանգարանի աշխատակցուհի տիկին Լարիսայի խոսքով, Շիրակի մարզում հաճախ են շինարարական աշխատանքների ընթացքում նման դամբարաններ հայտնաբերվում: Այժմ Վարդաքարի ջրագիծն անցկացնելու նպատակով կատարվող աշխատանքները ժամանակավորապես  դադարեցվել են՝ կա խնդիր պահպանելու այդ տարածքում հայտնաբերված դամբարանները:

«Փորվել  էին խրամատներ, խրամատներից բացվել էին թաղումներ, որոնք սալարկղային էին (դագաղի նման քար, որի մեջ կատարվել է թաղում): Թաղման այդ ձեւը շատ հին է՝ հնագետները  դամբարանում հայտնաբերված նյութերի  միջոցով, կմախքների  դասավորվածությամբ են  որոշում՝ որ ժամանակաշրջանին է պատկանում դամբարանը:  Կմախքի կծկված տեսքով թաղումները՝  կարասային մ.թ.ա. 7-րդ դարին են պատկանում: Այդ ժամանակահատվածում հանգուցյալների աճյունները  դրել են կարասների մեջ,  որից հետո նոր թաղել են: Կարասի մեջ մարդը կծկված վիճակում է  լինում՝ ներարգանդային դիրքով,  կարասն  ստանում է արգանդի ֆունկցիան, որից մարդը նորից պետք է ծնվի»,-ասաց նա: