Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ սեր է խոստովանել իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Մենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության թուրք-ադրբեջանական խորհրդի ստեղծման Հռչակագիր ստորագրեցինք: Այդ արարողությանը ես հայտարարեցի, որ աշխարհում չկան երկու այլ երկրներ, որոնք ավելի մոտ լինեն իրար, քան Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ իմաստով ես ցանկանում եմ նշել, որ մենք այդ Խորհուրդը շատ կարեւոր եւ արժեքավոր ենք համարում»,- ասել է Էրդողանը:
Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի վարչապետը մեծ նշանակություն է տվել նաեւ թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովին: «Այդ երկրների մերձեցումը լավ հնարավորություններ է ստեղծում մեր տարածաշրջանի համար, որտեղ բազում խնդիրներ իրենց լուծմանն են սպասում»,- ասել է նա:




























