Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Աֆրիկյան Միությանը եւ կոչ արել սատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին:
Մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի, ով համատեղության կարգով ՀՀ դիտորդ, լիազոր ներկայացուցիչն է Աֆրիկյան Միությունում, հանդիպումը ԱՄ հանձնաժողովի փոխնախագահ Էրաստուս Մվենչայի հետ: Քննարկվել են ԱՄ կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դեսպանը փոխնախագահ Մվենչային է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ուղերձը՝ հասցեագրված Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահ Նքոսազանա Դլամինի Զումային, որով ԱԳ նախարարը կոչ է անում Աֆրիկյան Միության հանձնաժողովին եւ այդ հեղինակավոր տարածաշրջանային կազմակերպության անդամներին միանալու միջազգային հանրության այլ անդամներին՝ հակամարտության կարգավորման համար գոյություն ունեցող միակ ձեւաչափը հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին սատարելու համար՝ հանուն լարված իրավիճակի լիցքաթափման, խաղաղության եւ կայունության հաստատման։
Ուղերձում, մասնավորապես, ասված է, որ Ադրբեջանը, խախտելով զինադադարի մասին 1994թ. եռակողմ համաձայնագիրը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ԵԱՀԿ գագաթաժողովների եւ նախարարական խորհրդաժողովների որոշումներն ու հռչակագրերը, անտեսելով Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլի 2-ին լայնածավալ ռազմական հարձակողական գործողություններ է սանձազերծել Արցախի նկատմամբ։ ՀՀ արտգործնախարարը Աֆրիկյան Միության գործադիր ղեկավարի ուշադրությանն է ներկայացրել նաեւ Արցախի քաղաքացիական բնակչության եւ զինվորների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված բարբարոսական գործողությունները, որոնք հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական բարոյական նորմերին եւ հանդիսանում մարդու իրավունքների եւ մարդասիրության միջազգային օրենքների բացահայտ խախտումներ։





























