Դատելով պաշտոնական տվյալներից՝ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալների աճի տեմպերով առաջ ենք անցնում բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ զարգացած: Եթե, իհարկե, թվերը համապատասխանում են իրականությանը: Նախնական տվյալներով (որոնք հետագայում լիովին համընկնում են վերջնական տվյալներին), ապրիլին նշված ինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 113.2%:

Իսկ ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն ավելացել է 10.0%-ով: Նշենք, որ բազային ժամանակահատվածում նույնպես աճ է արձանագրվել (4.2%-ով), այնպես որ՝ 2 տարվա ընթացքում աճը կազմել է 14.6%:

Մինչ այդ, բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքի, այս ոլորտում գործերը փայլուն չեն: Այսպես. Ռուսաստանում ապրիլին զուտ խորհրդանշական աճ (0.5%) արձանագրվեց՝ նախորդ ամիսների անկման փոխարեն: Սակայն հունվար-ապրիլի ամփոփիչ ցուցանիշը «մինուս» նշանով էր՝ - 0.1%: ԵՏՄ անդամ մյուս պետություններում պատկերը նույնն է: Ղազախստանում արդյունաբերական արտադրանքի անկումը մեկ տարվա ընթացքում կազմել է 1.4%, Բելառուսում՝ 2.5%, Ղրղզստանում՝ 26.9% (!):

Ավելի մանրամասն տվյալներով՝ հունվար-մարտին Հայաստանի արդյունաբերության մեջ դրական տեղաշարժն ապահովել է հիմնականում մետաղների արդյունահանումը՝ արտադրանքի ֆիզիկական ծավալների 27.7% աճով: Այս երկնիշ ցուցանիշը թույլ տվեց փոխհատուցել վերամշակող արդյունաբերությունում գրանցված անկումը (0.5%-ով) եւ «պլյուս» ապահովել ընդհանուր թվերում: Բայց այս հաջողությունը կարելի է տեղային համարել, քանի որ նշված փոխհատուցումը չի նշանակում, որ այլ ոլորտներում գործերը լավ են:

Մասնավորապես, այս մասին է վկայում զբաղվածության դինամիկան: Հունվար-մարտի տվյալներով, արդյունաբերությունում, ընդհանուր առմամբ, անձնակազմի թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 1.5 հազարով: Այսպիսի լայնածավալ կրճատումը դժվար է բացատրել ոլորտի ստվերային զբաղվածության աճով: Չնայած աշխատակազմի մի մասը «ստվեր» տանելու հանգամանքն ամենեւին չի բացառվում:

Բայց «ստվերի» աճը նույնպես կարող է ոլորտում անբարենպաստ միտումների հետեւանք լինել: Հավելենք, որ աշխատակիցների թվի ամենամեծ անկումը գրանցվել է փոքր ձեռնարկություններում: Այսինքն՝ այն օբյեկտներում, որոնք, ըստ էության, պետք է պետության կողմից հատուկ աջակցություն ստանան:

Սմբատ Գրիգորյան