«Այբ» կրթական հիմնադրամը հերթական հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս: Ըստ այդմ, Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարի մասնակիցները կփորձեն գտնել մի շարք հարցերի պատասխաններ, որոնցից են.

Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով ցելյուլոզից ստանալ հրակայուն բամբակ։

Ինչպիսի՞ բաղադրություն ընտրել արդյունավետ  եւ անվտանգ շամպուն ստանալու համար։

Ո՞ր քիմիական ռեակցիաներն են կախված ձգողական ուժից։

Միջոցառումը թիմային մրցույթ է, որտեղ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ, անում իրենց առաջին գիտական հայտնագործությունները:

Մրցույթը կկայանա  հոկտեմբերի 2-ին, Երեւանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Մրցաշարին մասնակցում է յոթ թիմ հանրապետության տարբեր քաղաքներից, մասնավորապես` մեկական թիմ Վանաձորից, Աբովյանից, Վաղարշապատից, Գյումրուց, Ստեփանավանից եւ երկու թիմ՝ Երեւանից:

Ժյուրիի նախագահն է Երեւանի պետհամալսարանի անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը: Ժյուրիի կազմում ներգրավված են դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, դպրոցի ուսուցիչներ եւ այլ մասնագետներ:

 Մրցույթը բաղկացած է 2 կիսաեզրափակչից եւ եզրափակչից, որոնց կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը: