Ոստիկաններն այսօր՝ մասիսի 21-ին, հրելով հեռացրել են այն մեքենան, որով Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիներնը փակել էին Երեւանից դեպի Գառնի տանող երկրորդ ճանապարհը:  NEWS.am-ի հետ զրույցում Գառնիի բնակիչներից տիկին Արուսյակը նշեց, որ Երեւանից Գառնի տանող երկու ճանապարհ կա՝ գլխավոր մայրուղին իրենք են փակել, իսկ մյուսը, որն այնքան էլ բարվոք վիճակում չէ, որոշել են փակել մեքենայով, որպեսզի զբոսաշրջիկները չկարողանան մտնել գյուղ: Տիկին Արուսյակի խոսքով, մինչ իրենք կանգնած են եղել գյուղ տանող գլխավոր ճանապարհին, ոստիկանները թաքուն հեռացրել են երկրորդ ճանապարհին կանգնած մեքենան, սակայն, գյուղացները չեն նահանջել, փոխարենն ավելի մեծ մեքենա են կանգնեցրել, որպեսզի ոստիկանները չկարողանան այն հրելով հեռացնել ճանապարհից:

«Քանի որ երկու ճանապարհ կա եւ չենք կարող երկուսն էլ փակել, այն երկրորդը, որն ավելի խորդուբորդ ճանապարհ է եւ նեղ, որոշեցինք մեքենայով փակել: Բայց ոստիկանները հրել, հանել են ճանապարհի երթեւեկելի մասից: Բայց մենք այժմ ավելի մեծ մեքենա՝ գռուզավիկ ենք կանգնեցրել: Հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ կանեն»,-ասաց տիկին Արուսյակը:

Նշենք, որ մայիսի 20-ին գառնեցիները նույն պահանջով համարյա 1 օր փակ պահեցին Երեւան-Գառնի ճանապարհը, այն բացեցին ուշ երեկոյան՝ անձրեւի պատճառով: Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիների հետ հանդիպման էր գնացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, սակայն, գյուղացիները չէին համաձայնել նրա հետ գյուղապետարանում քննարկել խնդիրը:

Մարզպետը գյուղացիներին հյատնել էր, որ այսօր սպասվում է  վարչապետի այցը Գառնի:

 Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, շինարարական ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ:

Գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: