Դիվանագետ Լեւոն Սարգսյանը նշանակվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ։ Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
«Հիմա պարոն Սարգսյանը ձեռքերը քշտած մեր հետ միասին պետք է այս ամբողջ հոգսի ու ծանրության տակ մտնի»,-նշեց փառատոնի տնօրենը։
Իսկ հանդիպմանը ներկա Լեւոն Սարգսյանն էլ NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե որպես փառատոնի պատվավոր նախագահ ինչպե՞ս է պատրաստվում նպաստել փառատոնի զարգացմանն, ասաց. «Բավականին դժվար հարց տվեցիք, ինչ-որ իմ ուժերը ների` կփորձեմ անել, այլ կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է օգնեմ։ Երեւի կօգտագործեմ իմ կապերը Սփյուռքում, Մերձավոր Արեւելքում։ Առանձնապես ծրագիր չունենք»:
Նա նաեւ նշեց, որ իր նշանակման մասին Հարություն Խաչատրյանն ընդամենը 2 օր առաջ է իրեն տեղյակ պահել:
Նշենք, որ Լեւոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։




























