Հոկտեմբերի 2-ին եւ 3-ին Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, «Անուրջներ» թատրոնը կներկայացնի «Թանկագին Ելենա Սերգեեվնա» պիեսը, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է 5-ամյա Էրիկ Սարգսյանի հաշվեհամարին, ով տառապում է ավշային հանգույցների քաղցկեղով եւ բուժում է անցնում Ռուսաստանում: Տոմսի արժեքը 1500 դրամ է:

Նշենք, որ Լ. Ռազումովսկայայի «Թանկագին Ելենա Սերգեեվնա» պիեսը խորհրդային տարիներին արգելված էր: ԽՍՀՄ փլուզումից հետո այն մի քանի անգամ բեմադրվել է տարբեր թատրոններում:

Աշակերտները գալիս են ուսուցչուհու ծնունդը շնորհավորելու, որպեսզի գողանան սեյֆի բանալիները, որտեղ դրված են ստուգողական աշխատանքների տետրերը: Ծննդյան արարողությունն ավարտվում է ողբերգությամբ: «Անուրջներ» թատրոնի բեմադրած համանուն ներկայացման մեջ արտացոլված է սերունդների բախման սուր ու հավերժական խնդիրը: