Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը պաշտոնից հեռանալուց հետո պետք է առնվազն 20 տարի չլքի երկիրը: Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Հայաստանի ԱԱԾ աշխատակիցը «Գրին քարտ» է շահել եւ ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:
Նրա խոսքով, 20 տարին անհրաժեշտ է, որ տեղեկատվության արտահոսք չլինի: «Չէր կարելի նման բան թույլ տալ: Եթե դա ԱԱԾ-ի նպատակն էր` իր աշխատակցին ուղարկել ԱՄՆ, ուրեմն շատ անգրագետ ձեւով են արել: Ցանկացած դեպքում անթույլատրելի է երկրից որոշ պաշտոնյաների եւ պետծառայողների ելքը, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում: Պատկերացրեք իրավիճակը, երբ Սերժ Սարգսյանը «Գրին քարտ» շահի եւ մեկնի ԱՄՆ»,- ասել է Կարապետյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Վարդան Եղիազարյանն իսկապես «Գրին քարտ» է շահել եւ մշտական բնակության մեկնել Միացյալ Նահանգներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը՝ մեկնաբանելով հայաստանյան մամուլում տարածված տեղեկությունները:
Արծվին Բաղրամյանը, սակայն, հերքել է տեղեկությունը, թե Վարդան Եղիազարյանը եղել է կադրերի բաժնի պետ, նշելով, որ նա եղել է ԱԱԾ աշխատակից: Թղթակցի համառ փորձերը՝ մամուլի քարտուղարից պարզելու, թե ո՞ր բաժնի աշխատակից է եղել Եղիազարյանը եւ ինչո՞վ է զբաղվել` անցել են ապարդյուն: «Նա եղել է ԱԱԾ աշխատակից, օրինական կարգով ազատվել է աշխատանքից, «Գրին քարտ» է շահել եւ մեկնել է ԱՄՆ»,- նշել էր Բաղրամյանը:
Վերջինս նաեւ բացառել էր, թե Եղիազարյանը կարող է ԱՄՆ-ում որոշ գաղտնիքներ բացահայտել իր նախկին աշխատանքի վերաբերյալ:




























