Ստվարաթղթից պատրաստված տանկով Ազգային անվտանգության ծառայության երկաթյա դարպասին հարվածելու մեջ մեղադրվող՝ «Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքը: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին անգամ նշանակված նիստի ժամանակ հայտարարեց ակտիվիստը:
«Մեղադրանքի էությունն ինձ հասկանալի չէ: Ինձ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, բայց չեմ կարող հասկանալ՝ ինչ կարգ եմ խախտել, այն էլ կոպիտ կերպով: Իմ որեւէ գործողություն ուղղված չի եղել որեւէ մեկի դեմ»,- ասաց նա:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ակտիվիստ Արտակ Գևորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:





























