Վերջին օրերին շարունակաբար դիտվող տեղումների եւ օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետեւանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի սնկային հիվանդությունների զարգացման ու տարածման համար:

Գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամանակին եւ արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում ոչ միայն կորստի կմատնվի տվյալ տարվա բերքը, այլեւ վազերը կկորցնեն իրենց կենսունակությունը եւ կվտանգվի հետագա տարիներին բարձր բերքի ստացումը:

Այգում ժամանակին պետք է կատարել վազերի շվատում, բճատում, կանաչ կապ` կանխելով սաղարթի խտացումը, որի դեպքում ձեւավորվում է միկրոկլիմա, նպաստավոր պայմաններ  են ստեղծվում սնկերի զարգացման համար եւ նվազում է սրսկումների արդյունավետությունը:

Նշված հիվանդությունների դեմ պետք է կազմակերպել նախազգուշական` կանխարգելիչ միջոցառումներ: Չպետք է սպասել, որ ի հայտ գան հիվանդության ախտանիշները, եւ դրանից հետո միայն կատարել բուժումները:

Վեգետացիայի այս փուլում` մինչեւ ծաղկումը, անհրաժեշտ է խաղողի այգիներում իրականացնել քիմիական պայքար միլդիու եւ օիդիում սնկային հիվանդությունների դեմ: Նկատի ունենալով, որ արդեն ձվերից դուրս են գալիս խաղողի ողկուզակերի առաջին սերնդի թրթուրները, խորհուրդ է տրվում կազմակերպել համակցված (կոմբինացված) պայքար սնկասպան պրեպարատները համատեղելով միջատասպան որեւէ  պատրաստուկի հետ, այսպիսով` մեկ բուժման միջոցով պայքարելով միլդիու, օիդիում հիվանդությունների եւ խաղողի ողկուզակերի դեմ:

Այս միջոցառումները պետք է կատարել մինչեւ ծաղկումը: Սակայն, եթե այս կամ այն պատճառով ցածր է եղել բուժման արդյունավետությունը եւ այգում առկա է հիվանդությունների կամ վնասատուների զարգացման ու տարածման լուրջ վտանգ, ապա անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել նաեւ ծաղկման փուլում:

Վազերի ծաղկումն ավարտվելուց հետո պետք է նշված բուժումները կրկնել` փոխելով թունաքիմիկատների տեսակային կազմը:

Առավել մանրամասն տեղեկություններ ու անհրաժեշտ խորհրդատվություն կարելի է ստանալ գյուղատնտեսական աջակցության տեղի մարզային կենտրոնների մասնագետներից: