Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հավաստմամբ, այն, որ 2008 թվականին ռուսները չհարձակվեցին Թբիլիսիի վրա, իր եւ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ է։ Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ, այս հայտարարությունը Բեռլուսկոնին արել է Սենատում, ուր խոսել է վերջին տարիների իր ձեռքբերումների մասին։ Բեռլուսկոնիի խոսքով, իր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է եղել, որ ինքը եւ Ֆրանսիայի նախագահն են մտքափոխ արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, համոզելով, որ չհարձակվի Թբիլիսիի վրա։

«Այդ հարձակումը կխախտեր Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ եղած բալանսը»,- նշել է Իտալիայի վարչապետը։ Նրա խոսքով, դիվանագիտական ջանքերը Միխայիլ Սահակաշվիլիին  օգնեցին «փրկվել ամենաբարձր ծառից կախվելուց», հայտնում է «Գռուզիա Online»-ը։

Բացի այդ, ինչպես հայտնել է Բեռլուսկոնին, ինքը հասել է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով, հենց ինքն է ստիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային լքել Իտալիայում անցկացվող Մեծ ութնյակի գագաթաժողովը, քանի դեռ Ռուսաստանի հետ չէր ձեւակերպվել սպառազինությունների կրճատման մասին համաձայնագիրը։