Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ`՝ ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումների կապակցությամբ:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանն ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը, ամերիկացի դիվանագետին բողոքի նոտա են հանձնել: Նոտայում ասված է, որ ադրբեջանական կողմը խորը ափսոսանք եւ կտրուկ բողոք է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ: Հանդիպմանը նշվել է նաեւ, որ Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է մնում. «Ադրբեջանական օկուպացված տարածքներից երրորդ երկրներ այցելությունների փաստերը հարուցել են ադրբեջանական կողմի բողոքը, մասնավորապես հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն համանախագահ է մի կազմակերպությունում, որը խաղաղ բանակցություններ է վարում: Նմանօրինակ այցերը ստվերում են մեր հարաբերությունները»:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ ԱՄՆ այցի շրջանակներում: Աշոտ Ղուլյանը հանդիպել է նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ: