Գյուղատնտեսության նախարարությունն ուզում է հանրային օբյեկտներում եւ խոշոր խանութներում արգելել բակերում մորթած անասունների միսը: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ-ում հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ 2015-ին հանրապետության պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության ընթացքում՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ հանրային սննդի կետերում, դպրոցների, մանկապարտեզների բուֆետներում, սուպերմարկետներում, խոշոր խանութներում եւ շուկաներում առաջարկում են թույլատրել միայն սպանդանոցում մորթած միսը, որպեսզի առանց վկայականի միս գնել հնարավոր չլինի:

«Լավ կլիներ այս պահանջը բոլոր տեղերում կիրառելի լիներ, սակայն մենք հասկանում ենք, որ նրանք, ովքեր զբաղվում են վերավաճառքով, գործում են ԱԱՀ-ից դուրս: Իսկ սպանդանոցներն աշխատում են ԱԱՀ-ով, իսկ միսը դրանից թանկանում է: Այստեղ լուծում է պետք: Սակայն գոնե հանրային սննդի կետերի համար այդ փոփոխություններն ուզում ենք անցկացնել առաջիկա տարում», - ասել է նախարարը: