2015 թվականին Հայաստանում հաջողվել է ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացնել 500-600 հեկտարով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվություն ներկայացնելիս այս մասին նշեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը:
Ջրօգտագործողներին, որոնց ոռոգման հարցում ծառայություններ են մատուցվում, որպես օժանդակություն 5.2 մլրդ դրամ է հատկացվել (ընթացիկ փոխարժեքով՝ 11 մլն դոլար - խմբ.):
«Տարին երաշտային էր, բայց կարողացանք ավելացնել ոռոգվող հողատարածքները: Սեւանից լրացուցիչ ջրառ չի կատարվել»,- հայտարարեց Հարությունյանը:
Ըստ նրա, ոռոգման համակարգերի կապիտալ վերանորոգման համար էլ 789 մլն դրամ է հատկացվել (շուրջ 1.65 մլն դոլար - խմբ.):



























