Մայիսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից երեքը մայիսի 25-ին վիրահատվել են Գյումրիի բժշկական կենտրոնում:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք արդեն տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք:

Այսպիսով` այս պահին վնասվածքաբանության բաժանմունքում բուժում է ստանում 5 տուժած:

Տուժածներից մեկը դեռեւս բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, նրան այսօր կվիրահատեն: Մեկ վիրավոր էլ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

Նշենք, որ տուժածներն են վարորդ 27-ամյա Արկադի Ղարիբյանը, ուղեւորներ 43-ամյա Աշոտ Խուրշուդյանը, 39-ամյա Արկադի Սահակյանը, 29-ամյա Անդրեյ Հակոբյանը, 56-ամյա Աշոտ Խումսոյանը, 28-ամյա Էդգար Հակոբյանը, 37-ամյա Արտյոմ և 32-ամյա Արթուր Միլիտոսյանները: Ուղեւորներից մեկը՝ 56-ամյա Տիգրան Խաչատրյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Տուժածները Գյումրիի Կենտրոնական շուկայի աշխատակիցներ են, միասին գնացել էին Նոր Հաճն՝ հոգեհանգստի: Վթարը տեղի է ունեցել Գյումրի մտնելու ճանապարհին, միկրոավտոբուսը հարվածել է խանութներից մեկի մոտ գտնվող հենասյանը: