Ռուսաստանի իրավապահ մարմինները բացահայտել են երիտասարդ ադրբեջանուհու սպանությունը: Vesti.Az-ը հայտնում է, վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդային», որ 23-ամյա ադրբեջանուհի Գյուլնար Հաբիբովան Պետերբուրգում կորել է ապրիլի 22-ի գիշերը: Երեկոյան նախօրեին նա հեռախոսով հանգիստ խոսել է իր մոր հետ, ասել է, թե պատրաստվում է ընթրիք եփել իր նորաթուխ ամուսնու` 34-ամյա Սամիրի համար:
Սամիրը եւ Գուլյան ամուսնացել էին ապրիլի 15-ին: Դրանից հետո աղջիկը տեղափոխվել էր Մարշալ Ժուկովի պողոտայում գտնվող նրա բնակարան: Իսկ մեկ շաբաթ անց անհետացել էր առեղծվածային պայմաններում:
22-ի առավոտյան Գուլյան պետք է դասի գնար բժշկական ինստիտուտ, բայց նրա հեռախոսն այդ պահին արդեն անջատված էր: Սամիրի խոսքով, նա տնից դուրս էր եկել, իսկ թե ուր, ինքը չգիտե: Դրանից հետո Հաբիբովայից լուր չկար: Ծնողները, ընկերները, կամավորները եւ ոստիկանությունը Գյուլնարին փնտրել էին ամսից ավելի:
Մայիսի 26-ին քննությունը պաշտոնական հայտարարություն էր արել. Հաբիբովան ոչ մի տեղ չի փախել եւ չի կորել: «Մայիսի 26-ի առավոտյան ձերբակալվել է Սամիր Հաբիբովը, որին կասկածում են ապրիլի 22-ին Մարշալ Ժուկովի պողոտայի տներից մեկում տուժածին սպանելու մեջ», - «ԿՊ»-ին պատմել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Պետերբուրգի գծով Գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կապիտոնովը:
«Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնի է դարձել, որ Սամիրին այժմ հարցաքննում են քննիչները: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա ընդունել է իր մեղքը եւ ցուցմունքներ է տալիս: Քննչական կոմիտեում այդ տեղեկությունը չեն բացահայտում: Միժամանակ «ԿՊ»-ն պարզել է, որ առայժմ չի հայտնաբերվել դժբախտ աղջկա մարմինը:
«Բայց մենք ապացույցներ ունենք, որ նրան Սամիրն է սպանել», - «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են քննիչները: Գյուլնարան եւ Սամիրը քիչ էին շփվել մինչեւ ամուսնությունը, ինչպես որ դա պահանջում են ադրբեջանական ավանդույթները: Սակայն աղջկա ընկերներին տղամարդը դուր չէր եկել հենց սկզբից: «Սամիրը համարում էր, որ նա հանդիպել կարող է միայն մոր հետ, մնացած ժամանակը պետք է տանը նստի: Արդյունքում նա սկսեց շատ ինքնամփոփ կյանք վարել: Սոցցանցերում իր էջերն էլ փակեց, դարձյալ նրա պահանջով», - «ԿՊ»-ին պատմել է Գյուլնարի ընկերուհին, որը խնդրել է իր անունը չտալ:
Հետաքրքիր է, որ ոստիկանություն Գուլիի անհետացման մասին դիմումով ներկայացել է հենց Սամիրը: Եվ առաջին մի քանի օրը աշխուժորեն հետաքրքրվել է որոնումներով: Իսկ հետո հանկարծ… անհետացել է:
Քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով: Մոտ ժամանակներս դատարանը կարող է Սամիր Հաբիբովին ձերբակալել երկու ամսով:





























