Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը շարունակում է պնդել, որ իրենց նախարարության շենքի բակում մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորվածներն իր հետ որեւէ կապ չունեն:

«Տրանսպորտի եւ կապի նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել,  ես էլ եմ ասում, որ ոչ այս, ոչ էլ նախորդ միջադեպի հետ ես կապ չունեմ»,- NEWS.am-ին ասաց Գագիկ Բեգլարյանը:

Հարցին, թե ինչու է լրատվամիջոցներում այդ դեպքում շրջանառվում հենց այն վարկածը, որ կալանավորվածներն իր թիկնապահներն ու վարորդն են, Բեգլարյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է տալ նրանց, ովքեր կապում են իր անունը այդ միջադեպի հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Տրանսպորտի եւ կապի նախարարության բակում: Ծեծի մասնակիցներից հինգը կալանավորվել են: Ըստ մամուլի հրապարակումների, նրանք  Գագիկ Բեգլարյանի չորս թիկնապահներն են ու վարորդը:  Ծեծվածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր: Միջադեպի մանրամասները ճշտվում են: