Արարատի մարզի Արալեզ գյուղի տարածքում մայիսի 26-ին ավտովթարից տուժած տղաներից 19-ամյա Յուրիկ Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Յուրիկ Պետրոսյանը շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության ապարատին։

Նա գլխուղեղի վնասվածք ունի, թոքերի սալջարդ, ողնաշարի վնասվածք, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության ապարատին:

Տուժած երկրորդ տղան՝ 17-ամյա Արթուր Գաբրիելյանը գտնվում է Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին բժշկական կենտրոնում, նրա վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ ավտովթարի հետեւանքով մեքենայի մեջ եղած տղաներից երկուսը՝ 18-ամյա Հովհաննես Ալավերդյանը եւ Գոռ Հակոբյանը մահացել էին: Նրանք բոլորը Արալեզի բնակիչներ էին, մեքենայով հարվածել էին ծառին:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են։