Մայիսի 29-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ՝ «Նյու Յորք 2016»-ի շրջանակներում  տեղի ունեցավ  «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի  մարման պաշտոնական արարողությունը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Նյու Յորքի երկնաքերերից մեկը՝ լուսավորված Հայաստանի դրոշի գույներով: Նամականիշը ունի խնձորի տեսք, որը խորհրդանշում է Նյու Յորք քաղաքը (Նյու Յորքն ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր»):

Մարումն իրականացրեցին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության

դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Տեխնիկական տվյալներ.

Անվանումը՝  «Հայաստանի մասնակցությունը Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես Նյու Յորք-2016-ին»

Թողարկման օրը` 29-ը մայիսի, 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 39,2 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 55,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.

Հիշեցնենք, որ Հայփոստը մասնակցում է «Նյու Յորքի-2016» Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ եւ կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը:

Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 եւ 2015թ. –ի հայկական նամականիշերի  հավաքածուներ: