Հանրապետական կուսակցությունը մտածում է` ոնց պետք է անի, որ առավել ձայն ունենա Գյումրիի ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը Գյումրիի ՀՀԿ տարածքային կառույցի պատասխանատուներից մեկն է:

Գյումրիի քաղաքապետի ընտրությունները աշնանն են, սակայն ՀՀԿ-ում դեռ չեն որոշել` ով է գլխավորելու  կուսակցության ցուցակը:

«Առայժմ մենք քննարկում ենք ավագանու կազմի խնդիրները, եւ երբ որ կգա ժամանակը ցուցակը գլխավորելու, նոր կլինեն քննարկումներ եւ տեղում, եւ բնական է նաեւ` կուսակցության համապատասխան մարմիններում»,-ասաց պատգամավորը:

Ասաց` Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին սատարելու տարբերակները դեռ չեն քննարկել, սակայն  ըստ որոշ ՀՀԿ-ականների` ամենայն հավանականությամբ  ՀՀԿ-ն ու Բալասանյանի նորաստեղծ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը կմիավորվեն, քանի որ իշխանությունը հակված է Բալասայանի թեկնածությանը:

 Սուքիաս Ավետիսյանը չբացառեց  որեւէ սցենար, այդ թվում` մեր նշածը:

«Ընտրություններում որեւէ սցենար չպետք է բացառել, բայց մենք քննարկել ենք ընդամենը մեկ հարց, որ Հանրապետական կուսակցությունը փորձելու է իր ցուցակով մասնակցել ընտրություններին, թե հետո ինչ կլինի, քաղաքական ուժերի միջեւ ինչ պայմանավորվածություններ կլինեն, հետագայի խնդիր է:  Ընտրությունների արդյունքից է կախված, թե ինչ սցենարներ կաշխատեն, դրա համար պետք էընտրություններին լավ պատրաստվել, իսկ արդյունքներից հետո քննարկել համապատասխան սցենարները»:

Մեր հարցին, թե հաշվի առնելով վերջին` սահմանադրական հանրաքվեի ժամանակ Գյումրիում իշխանության պարտությունը, մտավախություն  չունե՞ն, որ  նույնը կկրկնվի քաղաքապետի ընտրություններում,  պատասխանեց. «Գյումրին երբեւիցէ` ընդդիմադիր քաղաք չի եղել ոչ մի պարագայում: Ոչ թե իշխանություններին է դեմ Գյումրին, այլ ուղղակի, որ պրոբլեմները շատ են, քան միջին հաշվով հանրապետությունում, դրա համար ժողովրդի մոտ դժգոհությունը իշխանությունների նկատմամբ  բնական է, բայց չի կարելի ասել, որ ընդդիմադիր քաղաք է»,-նշեց նա:

Սուքիաս Ավետիսյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք Բալասանյանին հաջողվել  է այս տարիներին մեղմել իշխանության հանդեպ դժգոհությունը, որպեսզի կարողանա ստանալ անցողիկ քվե: