2015 թվականին Հայաստանում փոքր ընտանեկան բիզնեսի սուբյեկտների թիվը հասել է 1500-ի: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը՝ ներկայացնելով 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը:
Հիշեցնենք, որ 2014 թվականից տարեկան մինչեւ 18 մլն դրամի չափով (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 37 հազար դոլար - խմբ.) շրջանառությամբ (առանց ԱԱՀ-ի) ընտանեկան բիզնեսը (կազմված միայն ընտանիքի անդամներից՝ առանց վարձու աշխատողների) ազատվում է բոլոր հարկերից: Ընտանիքի յուրաքանչյուր անդամը միայն ամսական 5 հազար դրամի չափով եկամտահարկ է վճարում:
«Հարկավոր է նշել, որ այս արտոնությունների հետեւանքով բյուջե 1 մլրդ դրամ չի մուտքագրվել: Բայց աճել է տնտեսական ակտիվությունը: Բազմաթիվ այդպիսի ձեռնարկություններ են սկսել ստեղծվել՝ 20, 30, 50, իսկ հիմա դրանց թիվը շուրջ 1500 է»,- հավելեց Ալավերդյանը:




























