Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված եւ հետո լուծարված փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը օրեր առաջ հանրության դատին են ներկայացրել իրենց 4-րդ զեկույցը, իսկ Հատուկ քննչական ծառայությունն այսօր միայն պատասխանել է նրանց 2-րդ եւ 3-րդ զեկույցներին:
ՀՔԾ-ն, անդրադառնալով փաստահավաք խմբի նախկին անդամների 2-րդ զեկույցին՝ «Հատուկ միջոցների կիրառման մասին», եզրակացրել է, որ
ա) «Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ „Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին“ ՀՀ Նախագահի կարգադրությամբ սահմանված փաստեր հավաքելու փոխարեն, քաղաքական շահարկումներ անելու նպատակով „ուսումնասիրության արդյունքներ“ վերնագրված փաստաթղթի անվան տակ հրապարակել են իրենց հիվանդագին երեւակայության արդյունքները, որտեղ նպատակաուղղված եւ միտումնավոր խեղաթյուրել, կեղծել են ինչպես ստացված տեղեկությունները, քրեական գործի նյութերը, այնպես էլ Փաստահավաք խումբ հրավիրված անձանց բացատրությունները»:
ՀՔԾ-ն իր հրապարակած տեղեկանքում նշել է, թե փաստահավաք խմբի նախկին անդամները կեղծել են ՀՀ Ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հայտարարությունը հատուկ միջոցների՝ ՌԴ-ից ձեռք բերման մասին:
բ) Փաստաթղթում սուտ է արձանագրված, թե իբր հատուկ միջոցներից թունավորված ոչ մի զինծառայող տուժող չի ճանաչվել:
գ) Փաստաթղթում կեղծված է ՀՀ ՈԶ ՀՆ ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանի բացատրությունը, թե իբր վերջինս ընդունել է, որ «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակները նախատեսված են փակ տարածքներում օգտագործելու համար, իսկ «Չերյոմուխա-4»-ը` բաց տարածքներում` զանգվածային անկարգությունների ժամանակ։
դ) Փաստաթղթում սուտ է արձանագրված, թե իբր Գեղամ Պետրոսյանը Փաստահավաք խմբում տված իր բացատրություններում հայտնել է, որ հատուկ միջոցների կիրառման խմբի տղաներն իրենք են կրակել ցուցարարների վրա: Ոչ Գեղամ Պետրոսյանը, եւ ոչ էլ ոստիկանության զորքերի որեւէ զինծառայող ցուցմունքով կամ փաստահավաք խմբում տրված բացատրություններում երբեւէ ոչինչ չի ասել ցուցարարների ուղղությամբ կրակելու մասին:
ՀՔԾ-ն բազմաթիվ դրվագներով փորձել է ապացուցել, թե Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը կեղծել են Ոստիկանության զորքերի ղեկավարների ցուցմունքները եւ այն ենթասպաների խոսքերը, որոնց կրակոցներից էլ մարտի 1-ին զոհվել են 3 խաղաղ ցուցարար:




























