Ղարաբաղի խնդրում Մեծ Բրիտանիան ավելի հակված է դեպի Ադրբեջանը, որի հետ բիզնես շահեր ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին:

«Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն այնքան թաքնված է, որ իրենք էլ շատ անգամ չեն իմանում` ինչ է: Մեծ Բրիտանիան միշտ խաղում է երկու կողմի վրա, իրեն պահում է ապահով դիրքում եւ այն, ինչ իրեն ձեռնտու է, դա իր քաղաքականությունն է: Ղարաբաղյան հարցում պարզ է` իրենք ավելի հակված են դեպի հակառակորդը, որովհետեւ այնտեղ ունեն մեծ ներդրումներ, բայց հետ են քաշված, ոչ մի աջակցություն ցույց չեն տալիս»,- ասաց Արմինե Կարապետին:

Հայկական համայնքը, Կարապետիի պնդմամբ, անընդհատ նամակներ է հղում երկրի իշխանություններին, հայհոյում, սակայն անօգուտ է. Մեծ Բրիտանիայի իշխանությունները սովոր են նման խոսքեր լսելու, այս ամենն ընկալում են որպես մեկ ժողովրդի դժգոհություն ու շարունակում իրենց քաղաքականությունը: «Իրենք երբեւիցե չեն լսում դիմացինին, անում են այն, ինչ իրենց հարմար է: Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունն էլ չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, նրանց քաղաքականությունը շատ խորն է, ցանցերն ամենուր են, նրանք չեն դիպչի այդ ցանցերին հայկական կամ Ղարաբաղի հարցով»:

Ադրբեջանի հետ, ըստ Արմինե Կարապետիի, Մեծ Բրիտանիան խորը տնտեսական հարաբերություններ ունի, բիզնես շահեր եւ չի ցանկանա` Ադրբեջանի վիճակը վտանգվի, քանի որ պատերազմի դեպքում իր բիզնեսն էլ կտուժի: «Այս տեսակետից բրիտանական կողմը կցանկանա, որ տարածաշրջանում խաղաղություն լինի»,- նշեց նա: